National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
02.12.2022
Պատգամավորները ելույթներ են ունեցել «Հայաստան» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծի վերաբերյալ
1 / 1

ՀՀ ԱԺ արտահերթ նիստում խորհրդարանը քննարկել է «Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ ԱԺ հայտարարությունն Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ» հարցը:

Նախագծի առնչությամբ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն: Տեսակետներ են հայտնել ԱԺ պատգամավորները:

Հռիփսիմե Գրիգորյանն անդրադարձել է ՀՀ Կառավարության գործողություններին, որոնք նա անում է` ելնելով պետության եւ ժողովրդի շահերից: «Առաջին հերթին մենք պետք է գիտակցենք մեր հնարավորությունները եւ գործենք առկա աշխարհաքաղաքական իրողությունները հաշվի առնելով»,- մասնավորապես, ասել է նա:

Գեղամ Նազարյանի խոսքով էլ իշխող մեծամասնությունն այսօր տարօրինակ պատճառաբանություններով հրաժարվում է համատեղ ընդունել մի կարեւոր տեքստ, որի անհրաժեշտությունը բոլորը ներքուստ գիտեն եւ ճիշտ են համարում: «Ինչո՞ւ պետք է մենք հրաժարվենք «Արցախի Հանրապետություն» արտահայտությունից, ինքնորոշման իրավունքից»,- հարց է տվել պատգամավորը:

Հովիկ Աղազարյանն էլ կարծիք է հայտնել, որ Ադրբեջանի հետ ի սկզբանե կռվել է Արցախի ժողովուրդը, որը պաշտպանում էր իր իրավունքները, եւ հայաստանցի բազմաթիվ հայորդիներ գնացել եւ պաշտպանել են իրենց եղբայրներին, իսկ Հայաստանը չէր կռվում Ադրբեջանի դեմ: Այս համատեքստում պատգամավորը ճիշտ չի համարել Արցախյան առաջին պատերազմի արդյունքում` 1994 թ. Հայաստանի կողմից զինադադարի ստորագրումը` որպես կողմ: «Հիմա մենք այդ սխալից դասեր քաղում ենք եւ տարանջատում ենք երկու հարց. Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերություններն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցերից տարանջատում ենք»,- ասել է նա:

Հայկ Մամիջանյանն արձագանքել է իշխանական պատգամավորների` օրերս հնչեցրած որոշ տեսակետների եւ հակադարձել դրանց: Ելույթի ավարտին պատգամավորն իշխանական գործընկերներին հորդորել է` Ադրբեջանի կողմից ռազմական նոր ագրեսիա լինելու դեպքում հղումներ չանել քննարկվող հայտարարության նախագծին:

Սերգեյ Բագրատյանի խոսքով բանավեճի իմաստը ոչ թե իրար մեղադրելը, այլ ընդհանուր նպատակին հասնելն է, սակայն բոլորը չէ, որ այդ կանոնը պահում են: «Մեր բանավեճի արդյունավետությունը կարծես իջեցնում ենք, երբ սկսում ենք պատմական էքսկուրսները շատ արծարծել»,- նշել է պատգամավորը` նկատի ունենալով որոշ գործընկերների հնչեցրած տեսակետներ:

Գեղամ Մանուկյանի խոսքով` իշխանությունն առաջարկել է «Հայաստան» խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագծից հանել այնպիսի դրույթներ, որոնք ժամանակին Հայաստանի ԱԳՆ-ն դատապարտել է:

Կարեւորելով քննարկվող հայտարարությունը` Թադեւոս Ավետիսյանը նշել է, որ այն Կառավարության ներկայացրած ծրագրի մաս է: Պատգամավորն անդրադարձել է Արցախին տրվող բյուջետային աջակցությանը, արցախցիների իրավունքների պաշտպանությանը:

Շիրակ Թորոսյանը հորդորել է միասնաբար հզորացնել մեր պետությունը: Պատգամավորի խոսքով խորհրդարանն այն հարթակը չէ, որտեղ պետք է քննարկել, թե ով ինչքան է պատրաստ զիջման եւ ով ինչքան է հայրենասեր: «Հայաստանի Հանրապետությունը պայքարում եւ պայքարելու է իր տարածքային ամբողջականության եւ Արցախի ժողովրդի բոլոր իրավունքները պաշտպանելու համար»,- ընդգծել է Շիրակ Թորոսյանը:

Արծվիկ Մինասյանը խոսել է նախագծի ընդունման կարեւորության մասին: Պատգամավորի կարծիքով այն պատասխանն է Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը:

«Մենք փորձել ենք հնարավորինս քիչ միջամտություններով օգնել` ձեր տեքստը դարձնելու ավելի ուժեղ եւ մատնանշել այն մասերը, որոնք մենք կարծում ենք` Հայաստանի ընդհանրական դիրքորոշումը պետք է լինի»,- ընդգծել է Մարիա Կարապետյանը եւ հավելել, որ, ցավոք, չի գտնվել այդ ընդհանուր հայտարարը: Պատգամավորն առաջարկել է ընդդիմադիրներին շարունակել խորհրդարանում մասնակցել համատեղ քննարկումներին եւ փորձել գտնել ընդհանուր եզրեր:

Արման Եղոյանը խոսել է նախագծի մասին, պատասխանել ընդդիմադիր գործընկերների ելույթներում հնչած դիտարկումներին:

Արթուր Խաչատրյանի դիտարկմամբ փոխվել են իշխանությունների քաղաքական մոտեցումները: Ըստ պատգամավորի` երկրում ստեղծված ծանր իրավիճակն իշխանության վարած քաղաքականության հետեւանքն է:

Նախագծի վերաբերյալ բարձրաձայնվող մտքերն արձանագրելու տեսանկյունից Վահագն Ալեքսանյանը կարեւորել է խորհրդարանում ընթացող քննարկումը: Պատգամավորը ողջունել է ընդդիմության վերադարձը խորհրդարան, ինչը կնպաստի ավելի շատ նման քննարկումներ անցկացնելուն:

Քրիստինե Վարդանյանի կարծիքով Հայաստանի միակ խնդիրը թշնամուն դիմագրավելն է: «Թշնամուն դիմագրավել կարելի է ոչ թե սեփական իրավունքների մասին չխոսելով եւ զիջումներ անելով, այլ պաշտպանվելով, նրա հարձակումները կանխելով, դաշնակիցներ, այդ թվում` զենք ձեռք բերելով»,- ընդգծել է պատգամավորը:

Արտահերթ ելույթ է ունեցել ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: Նա դրական է գնահատել ընթացող քննարկումը` այն կարեւորելով խորքային լինելու տեսանկյունից: Ըստ նրա` իշխանության ցանկությունն այն է, որ լուծում ստանա Արցախի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության հարցը, որովհետեւ, հակառակ դեպքում, դա կնշանակի Արցախի հայաթափում կամ Արցախի ժողովրդի ցեղասպանություն: Ինչպես նաեւ համարում է, որ այս հարցը կարող է լուծում ստանալ Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցությունների միջոցով` միջազգային մեխանիզմի մասնակցությամբ: Ռուբեն Ռուբինյանը նաեւ ընդգծել է, որ ադրբեջանական զինուժը պետք է անհապաղ եւ առանց նախապայմանների դուրս գա Հայաստանի օկուպացված տարածքներից:

«Եվ պատճառը, որ մենք ձեր առաջարկած հայտարարության նախագծի որոշ կետերի հետ համաձայն չենք, այն է, որ այդ հայտարարությունը ընդունելով` մենք կհակասենք իմ նշած երեք կետերին»,- պարզաբանել է ԱԺ փոխնախագահը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am